կարևոր
559 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-03 09:20

Կանոնակարգում փոփոխություն են ծրագրում․ «Հրապարակ»

Կանոնակարգում փոփոխություն են ծրագրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Նախ՝ համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ եւ ազնիվ են։ Առավել եւս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել եւ օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու եւ հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։

«Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ եւ հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որեւէ հատված Ադրբեջանին տալու եւ Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։