կարևոր
658 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-02 17:38

Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել 44-օրյայի օրերին եղբայրական Հունաստանի զորակցության համար

Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել 44-օրյայի օրերին եղբայրական Հունաստանի զորակցության համար

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։ Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պրն․Նիկոս Հարդալիասի, իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին

Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։ Տիար Նիկոս Հարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշեց, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ Արքեպիսկոպոսին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծու Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովրդի բարօր ու խաղաղ կյանքի»: