կարևոր
1528 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-02 16:24

Քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Թագուհի Թովմասյան

Քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Թագուհի Թովմասյան

Թվով 47 ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, հարուցվել է 10 քրեական գործ։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում էի պահանջել հետևյալ հարցերի վերաբերյալ․

1․ Խաղաղ բողոքի ակցիաների և հանրահավաքների սկսման օրվանից մինչև այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ։

2․ Ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել։

3․ Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են։

4․ Քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, և դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարցուցվել։

Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, և խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը և ինձ տրամադրել տեղեկատվություն։

Եվ ահա ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։ Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են թվով 10 քրեական գործ։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։

Հետևողական եմ լինելու»։