Թիվ 17 հատուկ դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումն է: Երեխաները բեմադրությանը երկար են պատրաստվել. նրանցից մի քանիսը ավարտական դասարանում են՝ հրաժեշտ են տալիս դպրոցին ու իրենց ուսուցիչներին:
Այս դպրոցում ավանդույթ է դարձել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որովհետեւ ակադեմիական գիտելիքներից զատ, Վերգինե Յեսայանի խոսքով, երեխաների համար շատ կարեւոր է նաեւ մթնոլորտն ու տրամադրությունը:
Հանրակրթական մյուս դպրոցների նման այստեղ երեխաների դասերը սկսվում է ժամը 9-ին եւ ավարտվում 3-ին: Դասերից հետո էլ հաճախում են նկարչության եւ կավագործության խմբակների: Դպրոցի տնօրենը նշում է՝ հաջորդ տարի եւս երկու թատերական եւ երաժշտական խմբակներ են ունենալու:
Ծնողները վստահեցնում են՝ երեխաները դպրոցում սիրո պակաս չունեն, բայց այն ավարտելուց հետո կանգնում են լուրջ խնդրի առջեւ: Մարինեի 17-ամյա որդին նույնպես այս դպրոցի սան է եղել: Հիմա ստիպված երեխային իր հետ տանում է աշխատանքի հետո էլ տուն:
«Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ պայմանները մեր երկրում շատ խնդրահարույց են»,- նշում է Հայկ Մկրտչյանն ու հավելում, պատճառն այն է, որ շատ բացեր կան կապված կարիքների գնահատման, ծառայություններ մատուցելու գործընթացների հետ: Նրա խոսքով խնդիրներ կան, որոնք նաեւ համակարգային օրենսդրական լուծումներ են պահանջում:
Համընդհանուր ներառականության գաղափարը, որը որդեգրել է պետությունը, մեր երկրում առաջընթաց ունի: Ասում է Վերգինե Յեսայանը:
Այս հատուկ դպրոցում սովորում է 88 երեխա:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում