44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը պահանջում են, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպի իրենց հետ: Քննչական կոմիտեի դիմաց իրականացված ակցիայի ժամանակ նրանք հայտարարեցին, որ պատերազմի ժամանակ Քյարամյանը ԱԱԾ պետ է եղել, եւ այդ օրերին հատկապես անվտանգային ծառայությունը գտնվել է բարձիթողի վիճակում:
5 օր առաջ ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որ նա հրաժարվի գործի դատաքննությունն իրականացնելուց: Դատավորը մերժել է միջնորդությունը: Արգիշտի Քյարմյանից զոհվածների մայրերը պահանջում են լուծում տալ հարցին: Նախորդ հանդիպման ժամանակ միջադեպ է եղել զոհվածի մոր եւ ՔԿ ղեկավարի միջեւ, պահանջում են որ Քյարամյանը ներողություն խնդրի մայրերից եւ վերանայի իր պահվածքը։
Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Վերջինս հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը աշխատավայրում չէ: Պաշտոնյան նշեց, որ լրատվամիջոցների ներկայությամբ չի խոսի պատճառի մասին։ Անհայտ կորած զինծառայողի մայր՝ Գոհար Դավթյանը նկատեց, որ միգուցե Քյարամյանը տեղում է, ուղղակի պատասխանից խուսափելու նպատակով իրենց իրենց խաբում են։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստով: Զոհված զինծառայողների հարազատները մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել: Նրանք քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգվել:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը