կարևոր
496 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-01 18:50

Հանրապետության 5 մանկատներ համալրվել են գույքով և տեխնիկայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու երեխաների տանը 0-8 տարեկան առողջական բարդ խնդիրներ ունեցող 125 երեխա է ապրում: Բժշկի այցելության կարիք լինում է գրեթե ամեն օր: Այս նոր ավտոմեքենայի միջոցով երեխաների տեղափոխությունը հիվանդանոց ավելի հարմարավետ կդառնա: Իսկ հատուկ հարմարեցված աթոռներն ու սայլակները կհեշտացնեն երեխաների տեղաշարժը: Կենցաղային տեխնիկան էլ կօգտագործեն փոքրիկների առօրյա կարիքները հոգալու համար: 
Երևանի մանկան տանը 0-6 տարեկան 62 երեխա է բնակվում: Փոքրիկների խնամքի հաստատությունն ուներ շուրջօրյա հսկողության կարիք: 25 նոր տեսախցիկների միջոցով տարածքը ներսից և դրսից հնարավոր կլինի օրը 24 ժամ վերահսկել, իսկ նոր ավտոմեքենան էլ կթեթևացնի հաստատության առօրյա հոգսերը: Սա հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանի նվերն է Երևանի մանկան տանը: 
Փոքրիկը շտապում է նոր մահճակալը ցույց տալ: Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 2 խմբասենյակների թվով 34 մահճակալ փոխարինվել է նորով: Բարերարը հաստատությանն է նվիրել նաև անհրաժեշտ համակարգչային և կենցաղային տեխնիկա: 
Գավառի մանկատունն էլ կունենա նոր ավտոմեքենա և շատ վաղուց սպասված անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Այստեղ 60 երեխա ապրում է ինչպես մի մեծ ընտանիք: Փորձում են միասին անցկացրած օրերը հնարավորինս հիշարժան դարձնել: 
Խարբերդի մասնագիտացված մանկատունը նոր կահույք կունենա: Բազմոցները, բազկաթոռներն ու աթոռներն արդեն մանկատան բակում են: Հատուկ հաստատությունը կհամալրվի նաև անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Մանկատան սաներին, սակայն, ամենից շատ ուրախացրել են մեքենաները: Բարերար Կարեն Վարդանյանն անձամբ է այցելել Խարբերդի մանկատուն երեխաների պաշտպանության օրը շնորհավորելու և տոնը միասին նշելու համար: Ծնողական ջերմությունից զրկված և մանկատներում հայտնված երեխաներն ունեն սիրո, ջերմության և հոգատարության կարիք: Այդ դատարկությունը փորձում են լրացնել բարի մարդիկ իրենց այցերի և ուշադրության միջոցով: Հանրապետության բոլոր 5 պետական մանկատներում հունիսի 1-ի առթիվ իրականացված բարեգործական ծրագրերի համար Կարեն Վարդանյանը տրամադրել է 107 մլն դրամ: