կարևոր
1366 դիտում, 11 ամիս առաջ - 2022-05-31 18:49

«Դիմադրություն» շարժման անդամներին այսօր էլ չհաջողվեց հանդիպել գործադիրի ներկայացուցիչների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօրվա ակցիաները սկսեցին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվելով Արտաքին գործերի նախարարության շենք: Մինչ երթի հասնելը, կանխավ մեծ թվով ոստիկաններ էին կուտակված շենքում, որոնց թվում կային նաեւ անվտանգության ծառայության համազգեստով եւ տարբերանշանով բազմաթիվ զինված ուժեր: Կուտակվածների թվում կային նաեւ դիմակավորված անձինք՝ կրկին զինված: 
Ընդդիմադիր պատգամավորները ցանկություն հայտնեցին հանդիպել այդ շենքում գտնվող՝ ԿԳՄՍ, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարների հետ, քանի որ վերջիններս ցանկանում են անձամբ ճշտել գործադիրի ներկայացուցիչների դիրքորոշումը, թե համաձայն են արդյոք, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: 
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հեռախոսով խոսեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ՝ նշեց, որ ընդդիմադիր խմբակցություններից 5 պատգամավոր ցանկանում է հանդիպել իր հետ: Նախարարն արձագանքեց, որ զբաղված է, կես ժամից հետ կզանգի: 
Նախարարները այսօր էլ տարբեր պատճառաբանություններով չընդունեցին խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներին: Շարժման մասնակիցները կենտրոնական փողոցներով շարունակեցին իրենց երթը, կանգ առան Ռադիոտան, այնուհետեւ ԵՊՀ-ի մոտ: 
Մի քանի պատգամավորներ մուտք գործեցին շենք, սակայն նրանց չհաջողվեց հանդիպել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: «Արձանագրենք՝ ռեկտորը դուռը ներսից փակել, նստել է, որպեսզի չկարողանա ասել այն, ինչ մենք բոլորս ենք պահանջում՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: 
Ոչ նախարարները, ոչ ռեկտորները չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ: Երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում