կարևոր
673 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-05-30 17:46

Համերաշխություն ՀՅԴ երիտասարդականի ընկերներին. հայտարարություն

Համերաշխություն ՀՅԴ երիտասարդականի ընկերներին. հայտարարություն

Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (International Union of Socialist Youth) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր համերաշխություննէ  հայտնել ՀՅԴ երիտասարդներին:

Հայտարարությունում ասվում է. «Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (International Union of Socialist Youth) խորը մտահոգությամբ է հետևում hայաստանյան վերջին զարգացումներին:

Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՀՅԴ Երիտասարդականը, որը մեր անդամ կազմակերպությունն է, դիմադրության ակտիվ դերակատարներից է։

Հայաստանի քաղաքացիների գործողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության ուղղությամբ որդեգրած քաղաքականությամբ։ Քաղաքացիները պահանջում են հավաստիացում, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, նաև՝ առաջնահերթություն տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքին։

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետ Փաշինյանը և իր թիմը հանդես եկան այն խոստմամբ, որ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը կլինի միայն այն դեպքում, եթե այն ընդունելի լինի հայկական կողմի համար։ Վերընտրվելուց ի վեր Փաշինյանը հրաժարվեց իր նախընտրական խոստումներից՝ անտեսելով Հայաստանի քաղաքացիների հանրային կարծիքը արցախյան հիմնախնդրի բանակցությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։

Հայաստանի ժողովրդի համար շարունակվող անընդունելի բանակցությունների ֆոնին՝ բողոքի ցույցերը զուգակցվում են քաղաքացիների անօրինական ձերբակալություններով, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնհայտ կիրառմամբ և ոստիկանական ուժերի անհամաչափ ներկայությամբ։ Բողոքի ցույցերը ղեկավարող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների անդամները երկու շաբաթ է սպասում են իրենց դատավարությանը։

ԸԵՄՄ-ն իր համերաշխություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր բանտարկված են, և ուշադիր հետևում նրանց դատավարության զարգացումներին։

ԸԵՄՄ-ն խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները:

ԸԵՄՄ-ն դատապարտում է ՀՀ կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը և ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։

ԸԵՄՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը և խուսափել ուժի կիրառումից կամ սպառնալիքից։

ԸԵՄՄ-ն  կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին համապատասխան։

ԸԵՄՄ-ն գնահատում է մարդու հիմնական իրավունքների, արժանապատվության և ազատությունների նկատմամբ հանձնառությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը պետք է պաշտպանվեն բոլոր ժամանակներում: