Ամենայն հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հայ ժողովրդին` հաղթահարել բարդ մարտահրավերները: Նրա գնահատմամբ՝ Առաջին հանրապետությունը դարձավ մարմնավորումն այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին հետագա մեր հաղթանակները՝ մայիսյան հերոսամարտերից մինչեւ առաջին արցախյան պատերազմը:
«Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է»,- ասված է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:
Հանրապետության երրորդ նախագահն էլ իր ուղերձում ընդգծել է՝ հուսահատության եւ բնաջնջման եզրին կանգնած մեր ժողովրդի համար մայիսյան հաղթանակները ապրելու, արարելու եւ համազգային նպատակները կյանքի կոչելու նոր հնարավորություն դարձան: Սերժ Սարգսյանի խոսքով այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջեւ է:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես շնորհավորական խոսք է հրապարակել:
«Օրհասական է պահը»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության տեքստում: Ուստի պատասխանատու ենք մեր նախնիների առջեւ եւ պարտք` ապագա սերունդներին:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորելով բոլորին նշել է, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջեւ: Սակայն, Օհանյանը վստահ է՝ հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին:
Արցախի նախագահն էլ կոչ է անում յուրաքանչյուրին իր կարողությունների սահմանում անել հնարավորը` հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի:
«Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը