կարևոր
1210 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-28 17:04

Հանրապետության անտեսանելի ճակատը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թվականի օգոստոսի 13-ին Նախարարների խորհրդի նիստի որոշումն էր. կառավարության վարկի հաշվին 20 հազար ռուբլի հատկացնել հետախուզության, եւս 20 հազարը՝ հակահետախուզության կազմակերպմանը: Միայն այս արձանագրությունից պարզ է դառնում՝ չնայած ֆինանասատնտեսական եւ կադրային-տեխնիկական դժվարություններին՝ Առաջին հանրապետությունը կարեւորել էր պետական անվտանգության կազմակերպումը: 
Հենց այս՝ նախկինում Ռազմական նախարարության, ներկայում՝ Դաշնակցության Սիմոն Վրացյան կենտրոնի շենքում Առաջին հանրապետության տարիներին պետական անվտանգության գործառույթն իր վրա վերցրեց Ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզական եւ հակահետախուզական բաժանմունքը: Պահպանվել են նաեւ բացառիկ կադրեր Ռազմական նախարարության շենք ամերիկյան պատվիրակության այցից, գնդապետ Հարբորի գլխավորությամբ: 
Ազգային անվտանգության ծառայության թանգարանում պահպանված կանոնադրության քաղվածքից պարզ է դառնում. հետախուզական եւ հակահետախուզական բաժանմունքը պատասխանատու էր հակառակորդի եւ տեղանքի մասին տեղեկությունների հավաքագրման, դրանց մշակման, զորքերին փոխանցման, հակառակորդի ծավալած լրտեսական գործունեության դեմ պայքարի եւ այլնի համար: Բաժանմունքի հաստիքակազմն էր՝ պետ, երկու օգնական, երկու գրագիր: Մոտ 2 ու կես տարվա ընթացքում պետի պաշտոնում հասցրել են լինել 4-ը՝ գնդապետ, ծագումով գերմանացի Ալեքսանդր Շնեուրը, կապիտան Վահագն Մուրադյանը, կապիտան Տիգրան Դեւոյանցը, իսկ Հանրապետության անկման ժամանակ բաժանմունքի պետի պաշտոնում պոդպորուչիկ Միքայել Դոդոխյանն էր: 
Այն, որ կարճ ժամանակում հետախուզական եւ հակահետախուզական բաժանմունքի գործունեությունը ընդլայնվեց՝ փաստվում է հակահետախուզական բաժանմունքի պետի առաջին պաշտոնակատար Հովահան Խան-Ղոթուրիի նամակից՝ ուղղված գլխավոր շտաբի պետին: Նամակում նշված է. հաշվի առնելով հարեւան երկրներում նոր կետերի բացումը՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող գործակալները ինչ որ ձեւով պետք է աջակցություն ստանան իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցիչներից: 
Հետախուզական ծառայությունների կայացման ճանապարհին կարեւոր քայլ էր նաեւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին կից զինվորական ներկայացուցչությունների ինստիտուտի հիմնումը: Զինվորական կցորդը, գործակալը կամ ատաշեն պետք է հետեւեր այլ պետության զինված ուժերի զարգացմանը եւ բացահայտեր այն ուժերին, որոնց հետո հնարավոր էր՝ բախումներ լինեին։
Մեծաթիվ են նաեւ Հայաստանի հատուկ ծառայությունների բացահայտած գործերի թիվը, առանցքային էր պայքարը Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական գործունեության դեմ: Ուշագրավ գործերից են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկու ծածկագրերի գաղտնազերծումն ու Ադրբեջանի լրտես, ավստրիական ծառայության նախկին սպա Անտոն Մարոկուտտիի բացահայտումը: Փոքրաթիվ անձնակազմով, չնչին ֆինանսական միջոցներով Հայաստանի հատուկ ծառայությունները կուտակել էին հսկայական տեղեկատվական բազա: Միայն գլխավոր շտաբին հասցեագրված 22 հետախուզական ամփոփոգիր է պահպանվել: Դրանցում մանրամասն տեղեկատվություն կա հարեւան պետությունների ներքաղաքական կյանքի, ռազմական ուժերի զինվածության մասին։ Առաջին հանրապետության տարիներին հայ հետախույզները երիտասարդ էին՝ 18-20 տարեկան, նրանց պատմաբանները բնութագրում են նպատակասլաց, համառ, ռոմանտիկ: Ու նույնիսկ 1920 թվականին՝ հետախուզական ծառայությունների կազմալուծումից հետո, նրանք խնդրել էին իրենց գործուղել ռազմաճակատ, Ռազմական նախարարությունը, սակայն, մերժել էր դիմումը: Հենց այդ երիտասարդ հետախույզներից շատերը՝ Շիրակյան, Երկանյան, Թորլաքյան, Թեհլերյան եւ այլք, անկախության անկումից ամիսներ անց պետք է մաս կազմեին Ցեղասպանության պատասխանատուներին պատժելու համար Դաշնակցության նախաձեռնած «Նեմեսիս» գործողությանը։

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում