կարևոր
664 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-05-27 17:03

Արցախում շարունակում է խնդրահարույց մնալ դատական նիստերի նշանակման ձգձգումների հարցը. Արցախի ՄԻՊ

Արցախում շարունակում է խնդրահարույց մնալ դատական նիստերի նշանակման ձգձգումների հարցը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված արդար դատաքննության իրավունքի  պատշաճ իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների հետ:

Հայտարարությունում ասվում է.

«• Շարունակում է խնդրահարույց մնալ դատական նիստերի նշանակման ձգձգումների հարցը։ Չեն գործում գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման վերականգնման պատշաճ կառուցակարգեր: Նման կառուցակարգերի օրենսդրորեն ամրագրումը և պրակտիկայում պատշաճ կիրառումը նվազագույնի կհասցնեն դատարանների կողմից ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումները:

• Մեծ թիվ են կազմում կալանավորման վերաբերյալ միջնորդությունների կայացման և դատարանի կողմից բավարարման դեպքերը: 2021թ. նախաքննության մարմինների կողմից ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 72 միջնորդություն, որոնցից բավարարվել է 63-ը: Յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինները կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուց առաջ պարտավոր են քննարկման առարկա դարձնել անձին ազատությունից զրկելու հետ չկապված կամ նրա ազատությունը հնարավորինս քիչ սահմանափակող խափանման միջոց կիրառելու նպատակահարմարության հարցը:

• Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների բավարարման բարձր ցուցանիշների առկայությունը որոշակիորեն պայմանավորված է օրենքի մակարդակում այլընտրանքային միջոցների կիրառության ճկուն կառուցակարգերի բացակայությամբ:

• Կալանավորման վերաբերյալ միջնորդությունները ԴՌՆՓԱԿ դատական նիստում քննության առնելու վերաբերյալ դրույթը: Կալանավորման կիրառման և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ գործերի դատական քննությունը պետք է տեղի ունենա ՈՉ ԹԵ ԴՌՆՓԱԿ, ԱՅԼ ԴՌՆԲԱՑ ՌԵԺԻՄՈՎ, ինչը կապահովի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործերի դատական քննության հրապարակայնությունը:

• Արցախի Հանրապետության դատական համակարգում դատական տեղեկատվական առցանց համակարգի բացակայություն: