Հարավային Կովկասում թեժանում է Արեւմուտք-Ռուսաստան մրցակցությունը: Պաշտոնական Մոսկվան նորից բացահայտ դժգոհում է, որ Եվրամիությունը խառնվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, հիշեցնում, որ կայուն խաղաղության հաստատման հիմքը Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ պայմանավորվածություններն են, զգուշացնում Բրյուսելին՝ աշխարհաքաղաքական խաղեր չխաղալ:
Զախարովան հասկացնում է, որ Ռուսաստանն է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու, միջնորդելու սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքին, քանի որ դա եւս Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածություն է, տեղեկացնում, որ ռուս փորձագետների թիմն արդեն ձեւավորվել է:
Զախարովայի այս հայտարարությունից հետո իր մասին հիշեցնում է Միացյալ Նահանգները: Թվիթերյան գրառմամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը, որը կայացել է Փաշինյան-Միշել-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից 2 օր անց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին:
Սրանից հետո Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին՝ կարեւորելով ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը, վարչապետի կարծիքով, նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկմամբ՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ավարտից հետո հավաքական Արեւմուտքը փորձում է նախաձեռնողականություն ստանձնել Հարավային Կովկասում՝ այնտեղից Ռուսաստանին դուրս մղելու եւ հետագայում տարածաշրջանն ըստ իր շահերի ծառայեցնելու նպատակով: Մոսկվայի համար սա բացահայտում չէ: Ռուսաստանը եւս փորձում է ամրապնդել իր դիրքերը: Քաղաքագետն արձանագրում է՝ այսօր Հայաստանը հետեւողականորեն փոխում է իր արտաքին քաղաքական ուղեգիծը՝ գիտակցելով կործանարար հետեւանքները:
Եվ, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի գնահատմամբ, աշխարհաքաղաքական բեւեռը փոխելու կոնտեքստում Հայաստանի գործող իշխանությունը իրեն դիտարկում է ոչ թե Արեւմուտքի, այլ թուրքական ազդեցության գոտում դիրքավորվելու սուբյեկտ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում