<<Դիմադրության>> շարժման համակիրներն առավոտյան 8-ին հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում ու երթով բարձրացել Բաղրամյան պողոտայով: Նրանք կանգ առան նախագահական նստավայրի դիմաց, որը նախապես շրջափակված էր ոստիկանական պատով:
Շարժման մասնակիցները շրջափակեցին շենքի մուտքերը, որից հետո ոստիկանական նոր ուժեր բերվեցին նախագահական նստավայր: Բաղրամյան 26-ում իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախում տեղի ունեցավ:
Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը դադարել է կատարել Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթները: Այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նախագահի նստավայրից բացի ցուցարարները շրջափակել էին նաեւ Անվտանգության խորհրդի շենքը՝ ընդգծելով, որ այս շենքը նույնպես առնչություն չունի Հայաստանի եւ հայության շահերի հետ: Իշխան Սաղաթելյանը առաջարկեց, որ պատգամավորները բարձրանան ԱԽ շենք, եւ անձամբ փոխանցեն ժողովրդի պահանջը: Սակայն ոստիկանները հայտնել են, որ ներսում մարդ չկա, չեն կարողացել գալ աշխատանքի:
Մուտքերը փակելուց հետո որեվէ աշխատակից ներս չի մտել եւ ոչ մեկը դուրս չի եկել: Այդ տարածքում է գտնվում նաեւ Համահայկական հիմնադրամը, նրանք եւս չեն կարողացել շենք մտնել:
Շարժման անդամները շարունակեցին անհնազանդության երթը դեպի Պարոնյան-Մաշտոց փողոցների խաչմերուկ եւ փակեցին այն: Չնայած ոստիկանների՝ երթեւեկելի հատվածը բացելու կոչին ցուցարարները նստեցին փողոցի մեջտեղում եւ շուրջ 30 րոպե խաչմերուկը փակ պահեցին: Երթը ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում