կարևոր
1216 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-25 17:07

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց լրագրողի աշխատանքը պետական մարմիններում սահմանափակող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց լրագրողի աշխատանքը պետական մարմիններում սահմանափակող նախագիծը

67 կողմ ձայնով, առանց ընդդիմադիր պատգամավորների, խորհրդարանն այսօր քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Քննարկումն Ազգային ժողովում երեկ կրկին առանց ընդդիմադիրների էր, որոնք այս օրերին չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքին և փողոցային պայքար են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով։

«Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան համավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից, միայն եթե հավատարմագրման դադարեցման սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված, այսինքն, աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները», - Ազգային ժողովի ամբիոնից երեկ հայտարարեց նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը՝ շտապելով մեղմել նախագիծը՝ ընդգծելով, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական հաստատությունում հավատարմագրումից, զրկվում է կոնկրետ լրագրողը, որը խախտել է այդ հաստատության աշխատանքային կանոնները։

Այս նախագիծը տևական ժամանակ քննարկվել և արժանացել էր լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների քննադատությանը, այնումենայնիվ, պատգամավորների կարծիքով, խոսքի ազատության սահմանափակում նախագիծը չի առաջացնում։