կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-25 16:29

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է մեկշաբաթյա աշխատանքային այցն Արցախ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է մեկշաբաթյա աշխատանքային այցն Արցախ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահավաք աշխատանքով նախապատրաստվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանությանը 2023թ․ ֆիսկալ տարվա և 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հետ։

Արցախ այցելության առթիվ Թերեզա Յերիմյանը նկատել է․ «Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններն են։ Մենք արժևորում ենք կառավարական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումները՝ անմիջապես սկզբնաղբյուրից հասկանալու Արցախի մարտահրավերները՝ վերջինիս շահերի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ աշխատանքներ տանելու համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու և Արցախին օժանդակություն ապահովելու համար»։

Հայ դատի համակարգի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, 907-րդ բանաձևի շուրջ ներամերիկյան զարգացումները, Կոնգրեսում ի նպաստ Արցախի տարվող աշխատանքը և Հայկական իրավական կենտրոնի կողմից հայ ռազմագերիների ազատության ուղղությամբ տարվող աշխատանքը։

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի ժողովրդի սոցիալական և բնակարանային խնդիրները, ինչպես նաև ՀՅԴ քույր կառույցների՝ Հայ օգնության միության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջոցներով Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերի ընթացքը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ քննարկվել է Արցախի ժողովրդի, հատկապես սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցը՝ ադրբեջանական շարունակական հարձակումների և հումանիտար խնդիրների ստեղծման պարագայում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչները Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում հանդիպում են ունեցել կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ և ծանոթացել իրականացվող վերականգնողական և բուժական միջոցառումներին, որոնց շահառուների մի մեծ հատված 2020թ․ պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներն են ու քաղաքացիական անձինք։

Հանդիպում է տեղի ունեցալ նաև Արցախում ականազերծմամբ զբաղվող «Հալո թրասթ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց ուղեկցությամբ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները մեկնել են ականապատ դաշտեր և տեղում ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Հավաքված տեղեկատվության հիման վրա Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին՝ ապահովելու համար ամերիկյան բազմավեկտոր օժանդակություն Արցախին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
25.05.2022 թ.