Դիմադրության շարժումը կարողացել է մասամբ փոխել Նիկոլ Փաշինյանի ու իշխող ուժի հռետորաբանությունը արտաքին քաղաքական ու, հատկապես, Արցախի հարցում: Բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից հետո նման տպավորություն ունի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Բայց սա միայն առաջին հայացքից ու միայն հայկական կողմի հաղորդագրությունն ընթերցելիս: Տպավորությունը կտրուկ փոխվում է, երբ միջնորդ Եվրոպան է բացահայտում հանդիպման արդյունքները:
Ոչ միայն Արցախից հրաժարում, այլեւ Տիրգրանաշենի ու Տավուշի 7 գյուղերի հանձնում է ըստ ընդդիմադիր պատգամավորների ենթադրում բրյուսելյան պայմանավորվածությունը: Այս պնդումը բխում է այն կետից, ըստ որի պետք է կարգավորվեն Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցման սկզբունքները:
Ավելին՝ Արմեն Ռուստամյանի մեկնաբանմամբ՝ հաղորդակցություն տերմինը ենթադրում է նաեւ Սյունիքով Ադրբեջանին միջանցքի տրամադրում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մինչդեռ պնդում է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել:
Ըստ Ռուստամյանի՝ թվարկածները դեռ միայն երեւացող կողմն են, պետք է նաեւ հասկանալ՝ ինչի մասին են լռում եռակողմ հանդիպման մասնակիցները:
Ընդդիմադիրները վստահ են, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի նոր խոստումները կմեծացնեն նրա հրաժարականը պահանջողների թիվը: Նշաձողի իջեցման ու զիջումների դեմ պայքարի միակ ուղին փողոցն են համարում:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը