Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթերը՝ 2 տարբեր ուղղությունով: Առաջին երթը շարժվեց դեպի ԱԳՆ, ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունը հայտնեցին Փաշինյան-Ալիեւ Բրյուսելյան հանդիպումից: «Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքը չի արծարծվել Բրյուսելյան բանակցություններում, այլեւ նշաձողն այնքան են իջեցվել, որ խոսել են Էթնիկ հայ բնակչության անվտանգության մասին միայն՝ առանց Արցախի կարգավիճակի:
Ակցիայի մասնակիցները շրջափակեցին նախարարության բոլոր մուտքերը: Ոստիկանական շղթան ճեղքելով, մտան շենքի բակ: Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ԱԳ նախարարն այլեւս չի սպասարկում Հայաստանի շահերը եւ իրենք պատրաստվում են մուտք գործել շենք՝ ժողովրդի անունից ասելու՝ «Դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք չունեք»:
Մինչ ԱԳՆ շենքի դիմաց դիմադրության շարժման մի խումբը շարունակում էր շրջափակված պահել բոլոր մուտքերը, ընդդիմադիր խմբակցության անդամ պատգամավորներ Արմինե Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը եւ Արթուր Խաչատրյանը իրազեկման ակցիա էին իրականացնում հանրապետության մյուս փողոցներում: Պատգամավորները մի քանի րոպե կանգ առան Երեանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի մոտ, անարգանքի խոսք հնչեցնելուց հետո շարունակեցին երթը եւ միացան Ագն շենքի մոտ հավաքված շարժման մասնակիցներին:
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, որը շրջափակման պատճառով չէր կարողանում մուտք գործել նախարարության շենք խուսափեց պատասխանել լրագրողի հարցին կապված Բրյուսելյան բանակցությունների եւ դրանցում Արցախի կարգավիճակի անդրադարձի մասին:
Ոստիկանների հետ տեղի ունեցած բախումից հետո ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործել Արտաքին գործերի նախարարության շենք: Պատգամավորները հանդիպեցին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին: Նրանք խնդրեցին, որպեսզի փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Փոխնախարարը չասաց: Ի դեպ, փոխնախարար Սաֆարյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է:
Անդրադառնալով Բրյուսելյան հայտարարությանը Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընդգծեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում: Մոտ 4 ժամ շրջափակման մեջ պահելուց հետո շարժման մասնակիցները բացեցին Արտաքին գործերի նախարարության շենքի՝ վաղ առավոտից փակված մուտքերը եւ քայլերթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում