«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով:
Անցնելով մայրաքաղաքի փողոցներով, երթը հասավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ չի առաջնորդվում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պետք է շրջափակել շենքի մուտքերը, որից հետո երթի մասնակիցները ճեղքելով ոստիկանական պատը մոտեցան ԱԳՆ-ի շենքի մուտքին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ դավաճան»: Նա հրահանգեց որեւէ այլ գործողություն չանել, միայն արգելափակել մուտքերը:
Ակցիայի մասնակիցները վայրկյանների ընթացքում ճեղքեցին ոստիկանական պատն ու շրջափակեցին նախարարության շենքի մուտքերը։
Իշխան Սաղաթելյանը Արտգործնախարարությունում աշխատող բազմաթիվ պատրաստված դիվանագետներին կոչ արեց տարանջատվել Նիկոլից, չկրել այն դավաճանության պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է։
«Այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է, դեմ է մեր շահերին։ Կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ գալ, միանալ մեզ, միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը՝ այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց նաև պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների նկատմամբ։ Սրանք բոլորն այսօր ծառայում են թշնամուն և մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշներ փակցրեցին շրջափակված Արտգործնախարարության շենքի վրա։
«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։
«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։
Մեր պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է ու մեր պայքարում հետքայլ չկա»,- ասաց նա։
Ցուցարարները շարունակում են շրջափակված պահել Արտգործնախարարության շենքը․ Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել Արտաքին գործերի նախարարության շենք։
«Կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ և մոտիկից բոլոր պաշտոնյաներին փոխանցեն, որ Արցախը հանձնելու իրավունք չունեն և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ավելի վաղ, նախքան երթը Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր․ Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
«Չե՛ք մարսելու:
Չի՛ ստացվելու:
Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու:
Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»:
Հ.Գ.
Կես ժամից հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում: