կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-24 10:05

Որքանո՞վ են խաղաղության մասին իշխանությունների պատկերացումներն իրատեսական. «Փաստ»

Որքանո՞վ են խաղաղության մասին իշխանությունների պատկերացումներն իրատեսական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ հանրության շրջանում հիմնականում ընդունված է բարդ իրավիճակի պատճառները անցյալում փնտրել, խորանալ անցյալի մութ ծալքերում և փորձել մատնանշել գործված սխալները։ Եվ այս իրողությունը գիտակցելով է, որ իշխանություններն անընդհատ շահարկում են անցյալի թեման ու բոլոր բացթողումներն ու թերացումները «սրբագրում» նախկինների վրա։ Թեմայի ծավալումն արդեն վերածվել է «լուրջ» հանրային դիսկուրսի՝ միաժամանակ անպատասխան թողնելով հարցը՝ իսկ ի՞նչ է մեզ սպասվում ապագայում։ Անցյալը արդեն կատարված իրողություն է, այնտեղ ոչինչ հնարավոր չէ փոխել, միևնույն ժամանակ անցյալի անընդհատ քարկոծումը մեզ ոչինչ չի տալու, սակայն ապագայի հարցում խնդիրն այլ է, քանի որ ապագան արդեն կախված է մեր գործողություններից, ընդ որում, ոչ միայն իշխանությունների և ընդդիմության, այլև յուրաքանչյուր քաղաքացու։

Շատ կարևոր է ապագա իրադարձությունների հետ կապված պատկերացումների ձևակերպումը, որը հանրությանը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղությամբ ենք շարժվելու։ Օրինակ՝ իշխանությունները հայտարարում են, թե իրենց նպատակը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Իհարկե, յուրաքանչյուր հայի ցանկություններից մեկը խաղաղ և բարգավաճ երկրում ապրելն է, սակայն այլ խնդիր է, թե որքանո՞վ են իշխանությունների ներկայացրած պատկերացումներն իրատեսական։ Նախ՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի կնքում, բայց հարցի մյուս կողմն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը լիովին տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցում։ Օրինակ՝ Ադրբեջանը 5 կետից բաղկացած առաջարկներ էր ներկայացրել հաշտության համար, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց, թե դրանցում իր համար անընդունելի ոչինչ չկա։ Սակայն հետո պարզվեց, որ հայկական կողմը ևս իր հերթին 6 առաջարկ է ներկայացրել։ Ընդ որում, դրանցում ընդամենը մի քանի կետն է, որ կարելի է բովանդակային համարել, որոնք էլ հայկական կողմի շահերը միայն կիսով չափ են արտացոլում։

Սակայն ադրբեջանական կողմը մերժում է այդ 6 կետերը՝ դրանք ընդամենն «արձագանք» համարելով։ Այսինքն, Բաքուն ոչ միայն չի ցանկանում ռազմագերիներին վերադարձնել, այլև հրաժարվում է բանակցել Արցախի որևէ կարգավիճակի շուրջ։ Սա բավական չէ, Ադրբեջանը 5 կետերին զուգահեռ նոր պահանջներ է առաջ քաշում։ Եվ այդ համատեքստում է, որ Բաքվից խոսում են անկլավների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանից այլ պահանջներ ևս առաջ քաշվեն։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում, իսկ ադրբեջանական կողմը նշում է, թե իրենց համար Մինսկի խումբ չկա, Արցախյան հակամարտությունը լուծված է։ Ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է ձգտում հասնել, այլ Հայաստանին թելադրել իր պահանջների իրականացումը, որի շրջանակներում բացառված չեն նաև ռազմական գործողությունները։

Մի՞թե պատահական է, որ մեկը մյուսի հետևից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, միանշանակ՝ ոչ։ Իսկ ադրբեջանական պահանջների իրականացումը նշանակում է, որ հայկական պետականությունը դառնալու է մի խամաճիկ կազմավորում, իսկ Արցախը լիովին կհայաթափվի, քանի որ Հայաստանին իր պայմանները պարտադրելուց անմիջապես հետո Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի դուրս բերել խաղաղապահներին իր տարածքից։ Այս դեպքում ի՞նչ է պետք անել։ Անհրաժեշտ է Ադրբեջանին բռունցք ցույց տալ, և եթե ռազմական հարթության վրա Հայաստանը չունի այս պահին նման ներուժ, ապա դա պետք է անել դիվանագիտական ճանապարհով՝ մասնավորապես Հայաստանի և Արցախի անվտանգության մասով միջազգային երաշխիքների տեսքով, երբ, օրինակ՝ գործընկեր պետությունները և միջազգային կազմակերպությունները կհայտարարեն, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։

Հիմա այս ամենը գործող իշխանությունները չեն կարողանում հաջողության հասցնել, իրենք արդեն իներցիայով շարժվում են զիջումների ճանապարհով, դրա համար էլ ընդդիմությունը հանրության լայն շրջանակների հետ միասին փորձում է կանխել այս գործընթացը և իշխանափոխության միջոցով ՀՀ-ի մոտեցումները կառուցել նոր դիրքերից։

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում