կարևոր
1315 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-23 22:35

Մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի տոն Երևանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննախադեպ իրարանցում է, այստեղ է համաաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան: Կառավարական մուտքի մոտ նախ առանձին հանդիպումներ են: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու բռնցքամարտի միջազգային կառույցի ղեկավարները քննարկում են մարզական մեծ իրադարձությունն ու գործակցության հեռանկերները: Այժմ մուտքն է մարզահամերգային համալիրի մեծ դահլիճ, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է մեծահասակների բռնցքամարտի առաջնություն: Եվրոպայի առաջնության բացման արարողությունը մեկնարկում է շքեղ հրավառությամբ: Այնուհետև կազմակերպիչները ներկայացնում են բացառիկ շոու լուսային ու գրաֆիկակական նոր լուծումներով: Ներկայացվում է Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ներուժը, առաջին անգամ մեր երկրում կիրառվում է նաև Կինեկտիկ գնդեր: 39 երկիր ներկայանում է սեփական դրոշով: Հայաստանի հավաքականի դրոշակակիրը 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն է: Շքերթին մասնակցում են նաև Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Զախարյանը: Մարզիկների կողմից երդման արարողությունը կատարում է աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Առաջնության բացման արարողությանը ներկա են նաև Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, նաև մարզաշխարհի մի շարք հայտնի անուններ: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն իր ելույթում հաստատում է, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստան ժամանած հյուրերն ու մեր անվանի մարզիկները տպավորված են ու նման հյուրընկալությունն անկասկած մեծ պատիվ է Հայաստանի համար: Բացման արարողությունից հետո ՀԱՕԿ նախագահը Բռնցքամարտի միջազգային կառույցի ղեկավար Ումար Կրեմլյովի հետ խոսում է շքեղ արարողության և կառույցների միջև գործակցության հեռանկարների մասին: Բռնցքամարտի տոնի առագաստները պարզված են , հերթն արդեն մարզիկներինն է: Այստեղ մենք նույնպես պատվաբեր ելույթներ ենք ակնկալում: