Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը վերջին մոտ կես տարում դեմ առ դեմ հանդիպում են արդեն երրորդ անգամ՝ նորից Բրյուսելում եւ նորից Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: 5 ժամ տեւած բանակցությունները Շառլ Միշելն անկեղծ եւ արդյունավետ է որակում եւ հայտնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` կետ առ կետ: Ամենակարեւորը՝ Եվրոպական խորհրդի նախագահի խոսքում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրը, այն ինչին ձգտում էր Ադրբեջանի նախագահը: Շառլ Միշելը խոսում է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության մասին:
Փորձագետների կարծիքով՝ Եվրոպական խորհրդի նախագահի այս ձեւակերպումը, փաստացի, նշանակում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում, ինչի մասին խորհրդարանի ամբիոնից դեռ անցյալ ամիս հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե դա միջազգային հանրության պահանջն է: Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը հիշեցնում է՝ «Ղարաբաղի հայ ազգ» ասվածը Բաքվի քարոզչամեքենայի ձեւակերպումն է, որը, փաստորեն, ամրագրվեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունում:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ եզրակացնում է, որ այսպիսով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար:
Շառլ Միշելը, խոսելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի մասին, որեւէ ակնարկ չի արել այն ստորագրելու համար Ադրբեջանի առաջ քաշած 5 եւ ի պատասխան Հայաստանի 6 կետերին, որոնց շուրջ կողմերը մինչ այս պահը համաձայնության չեն եկել: Բաքվի առաջարկ-պահանջով՝ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում, Երեւանն էլ իր առաջարկի 3-րդ կետով պնդում է, որ պետք է ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության եւ իրավունքների հարցերը:
Շառլ Միշելը տեղեկացրել է եւս մեկ համաձայնության մասին: Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի կունենա սահմանների հստակեցման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը: Փաշինյանն ու Ալիեւը համակարծիք են նաեւ, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը:
Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպումից հետո նորից որեւէ հիշատակում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի, նաեւ առանձին Ռուսաստանի միջնորդական դերի մասին, ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ նույնիսկ հղում չկա Պուտին-Փաշինյան-Ալիեւ համատեղ հայտարարություններին:
Վերջում, Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են պահպանել սերտ շփումներն ու նույն ձեւաչափով, այսինքն՝ կրկին Եվրամիության միջնորդությամբ, եւս մեկ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում