ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը, անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, գրում է.
«5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով:
Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես և պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա:
Սա վերջն է, կարծես հարցը փակված է, և այս մասին բազմիցս զգուշացվել է, նաև՝ իմ կողմից:
Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր՝ Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից:
Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ:
Նաև ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձևավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբևեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:
Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ եթե Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը Հայաստանն է տնօրինում՝ անցակետերով և մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ՝ մաքսակետերով և անցակետերով
Սա միայն առաջին հայացքից աչք ծակող վտանգներն են, ստորգետնյա վտանգների մասին դեռ կխոսենք: Եթե այսքանից հետո էլ եզրակացություններ չարվեն, եթե այսքանից հետո էլ շարունակեք նախկին-ներկա քննարկել, կստացվի, որ մենք արժանի չենք ոչ անկախ Արցախ ոչ էլ անկախ Հայաստան ունենալու…»։