կարևոր
880 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-23 09:07

Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 

«Երկու ամսից պակաս ժամանակահատվածում, Եվրոպական Խորհրդի նախագահ՝ Շառլ Միշելը երկրորդ անգամ հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցելու համար, ինչպես նախկինում հայտարարել է նախագահ Շառլ Միշելը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամներ և տարբեր ձևերով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները․

- Հայտարարության մեջ ասված է, որ կողմերը հրադադարից հետո մնում են իրենց տեղերում, սակայն ադրբեջանական զորքերը Արցախում և Հայաստանում տասնյակ կիլոմետրեր առաջ են եկել եռակողմ հայտարարությունից հետո։

- Օգտվելով հանգամանքից, որ Արցախին սպասարկող գազատարը անցնում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքով, ձմռան ցրտաշունչ ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը փակեց այն՝ Արցախի ազգաբնակչությանը մատնելով աղետալի պայմանների։

- Սահմանամերձ հատվածներում հայ ազգաբնակչության հանդեպ կատարվում է հոգեբանական սպառնալիքների կիրառում հայերեն լեզվով։

- Հայկական մշակույթի կոթողներ, եկեղեցիներ և հուշարձաններ պղծվում և ոչնչացվում են, փորձելով նրանց հայկական ծագումը ավաղավել։

- Շարունակվում է էթնիկ զտումների տասնամյակների քաղաքականությունը, որի վերջնական նպատակը Արցախն ամբողջությամբ հայերից դատարկելն է։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, իր տարբեր երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին, որոնք հարյուրհազարավոր հայկական ծագումով եվրոպացի քաղաքացիներ են ներկայացնում կոչ են անում Եվրոպական Խորհրդի նախագահին և Եվրոպայի գործադիր իշխանությանը այս հանդիպմանը ընդառաջ հաշվի նստել հետևյալ հույժ կարևոր հանգամանքների հետ․

Եվրախորհրդարանը մարտի 10-ին բանաձև է ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնում Արցախում էթնիկ զտումների հանցավոր գործողությունների նկատմամբ և հայկական մշակութային կոթողների և կրոնական ժառանգության ոչնչացումը։

Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անպայմանորեն տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, որտեղ ի թիվս այլ հիմնարար սկզբունքների Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտվում է որպես գերակա առաջնահերթություն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում, հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ազգաբնակչության մարդու իրավունքները և սահմանների առաջացման պատմական անցյալը։ Ադրբեջանի կողմից ռազմական հաջողություններով պայմանավորված հարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։

Բազմաթիվ հայ ռազմագերիներ մինչև օրս գտնվում են անմարդկային խոշտանգումների պայմաններում Բաքվի բանտերում։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրությամբ հաստատված պարտավորությունները՝ արհամարելով բազմաթիվ երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը։

Թուրքիայի և ահաբեկչական միավորումների օգնությամբ ձեռք բերված ռազմական հաջողությունը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպես միջանցք օգտագործելու համար:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, եվրոպական երկրների Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին հայտարարում է, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։

Եվրոպան պետք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության վրա և Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտումը կանխելու համար։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում»։