Մետրոպոլիտենի տարածքից բերման ենթարկվելուց հետո երկու անչափահասներ ենթարկվել են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Փաստաբան Բենիկ Գալստյանը նշում է՝ հնչել են սեռական բնույթի լկտի հայհոյանքներ, սպառնալիքներ: Տղաներին հարվածել են ոտքերով եւ ձեռքերով: Բերման ենթարկելուց հետո որեւէ փաստաթուղթ չի կազմվել: Տղաները խոշտանգվել են իրենց Սահմանադրական իրավունքից օգտվելու համար՝ մասնակցել են հանրահավաքի։
<<Ոստիկանական համակարգում կան բազմաթիվ պատվարժան սպաներ, բայց կան նաեւ կենդանիներ, որոնք ծեծի են ենթարկում բերման ենթարկվածին>>,- նշում է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համանախագահ Ռուբեն Մելիքյանը նկատում է՝ իշխանությունը ցույց է տալիս իր իրական դեմքը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան մեղադրում են ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ, իբրեւ թե, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Փաստաբան Միհրան Պողոսյանը Իգոր Խաչատուրովին տեսակցելուց հետո ֆեյսբուքում գրառում է արել:
Նշենք, որ անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցների ապօրինաբար բերման ենթարկելու դեպքերը բազմաթիվ են։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը