Ուկրաինայի մոտ 3000 մարզիկ-մարզուհի այժմ գտնվում են արտասահմանյան տարբեր երկրներում: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան:
«Երբ ռուսասկան բանակը փետրվարի 24-ի առավոտյան հարձակվեց Ուկրաինայի վրա, ես անմիջապես կապվեցի Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների հետ: Մենք համաձայնեցրինք մեր հետագա անելիքները: ՄՕԿ-ը շատ արագ արձագանքեց և խիստ սահմանափակումներ ընդունեց Ռուսաստանի և նրան սատարող Բելառուսի դեմ:
Փետրվարի վերջին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի նախաձեռնությամբ ստեղծվեց ուկրաինական սպորտին օգնելու համերաշխության հիմնադրամ: Ընդհանուր ջանքերով հավաքվեց 2,4 մլն դոլար գումար:
Ես անընդհատ կապի մեջ եմ սպորտային ֆեդերացիաների, մարզիչների և մարզիկների հետ, որոնցից 3000-ը ներկայումս գտնվում են աշխարհի տարբեր երկրներում: Մենք աշխատում ենք օգնել նրանց: Արդեն 65 նման նախագիծ ենք իրականացրել: Ամեն ինչ անում ենք, որ մեր մարզիկները շարունակեն հանդես գալ միջազգային մրցաշարերում», - ասել է Սերգեյ Բուբկան:
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը հանդիսացող Ուկրաինայի ընտրանին առաջիկա խաղերին պատրաստվում է Սլովենիայում: