Կազմակերպիչների կողմից տրամադրվել է ցուցակ, որում միայն իշխանական պատգամավորների անուններն են, դա՞ է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կազմակերպած՝ «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ:
«Այսինքն՝ ուզում են, որ այստեղ այլ կարծիք չհնչի: Թող Շվեդիայում, Նորվեգիայում իմանան, որ դա է ժողովրդավարությունը: Միայն միասնականությամբ եւ պայքարով է հնարավոր այս վիճակից դուրս գալ: Միայն այն, որ կին պատգամավորի թեւից կարելի է քաշել, մենք այդպիսի բան չենք հիշում: Մենք դա չենք ուզել, մենք չենք ուզել, որ հայրենասեր տղերքը լինեն քաղբանտարկյալ: Սահման պահող տղեն ո՞նց կարող է լինել քաղբանտարկյալ:
Մենք, ժողովրդի պահանջով, նաև՝ըստ օրենքի, մտանք հյուրանոց, բայց հենց ավելի մոտենում ես իշխանությանը, օրենքը վերանում է: Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան։ Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը, հանուն ինչի՞»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորները սկսեցին վանկարկել՝ «պայքար», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Նշենք, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տվել մտնել ֆորումի սրահ եւ լուսաբանել միջոցառումը: