Ադրբեջանը դեռեւս չի ընդունել Հայաստանի առաջարկը՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառել Արցախի կարգավիճակի, արցախահայության անվտանգության ապահովման եւ իրավունքների պաշտպանության հարցերը: Դրական արձագանքի սպասող արտգործնախարար Արարատ Միրզոյանը, բրյուսելյան այցի ժամանակ, պնդել է՝ ջանքեր գործադրում են՝ այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար:
2 շաբաթ առաջ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կառավարությունում հայտարարել էր, թե խաղաղության բանակցություններ սկսելու համար Բաքվի առաջարկած 5 կետերին Երեւանի 6 կետերը միացնելու հարցում կողմերի միջեւ ըմբռնում կա: Դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հեգնել էր, թե Երեւանի այդ 6 կետը դժվար է առաջարկ անվանել: Այսօր Արմեն Գրիգորյանը նույն տեղում հույս է հայտնում, որ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի կգան:
Ո՞րն է Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի հստակ դիրքորոշումը, հնարավո՞ր է արդյոք Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում. ուղիղ հարցերին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն առաջնային է համարում Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը:
Պաշտոնական Երեւանը պատասխանում է նաեւ Իլհամ Ալիեւի մեղադրանքին, թե հայկական կողմը անպատասխանատու է ու քանիցս հրաժարվել է սահմանների հստակեցման հարցով իր իսկ նախաձեռնած հանդիպումներից: Ադրբեջանի նախագահը նշել էր 2 ամսաթիվ՝ ապրիլի 29-ը եւ մայիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածը: Արտգործնախարարը Արարատ Միրզոյանը, որն էլ ավելի վաղ հայտնել էր, թե սահմանազատման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը կանցկացվի մայիսի 16-ից 17-ը, պնդում է, որ այս պահին կան տեխնիկական խնդիրներ։
Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ սահմանազատման ու սահմանագծման հարցով հայկական կողմի հանձնաժողովի կազմը եւս պատրաստ է եւ այն կհրապարակվի պատշաճ պահի:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը