կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-19 22:57

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հորդորում է Բայդենին ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Հայաստանում իշխող վարչակարգի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցեր են ընթանում, մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում բացահայտ իր աջակցությունն է հայտնում ներկա իշխանություններին: 
Իսկ ինչով է պայմանավորված այդ աջակցությունը. միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր տեսակետը հայտնելուց առաջ նախ հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: 
Դեսպանի թեմային է անդրադարձել նաեւ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որը նախագահ Ջո Բայդենին հորդորում է Հայաստանում առաջադրել նոր դեսպան: Գործող դեսպան Լի Թրեյսիի գործունեությունը հանձնախումբն ընդհանուր առմամբ ձախողված է գնահատում: Արցախցի տեղահանվածների համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը, հանձնախմբի գնահատմամբ, դեսպանի գլխավոր թերացումներից մի քանիսն են: 
Որպես կանոն՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակիցները երեք տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում ու ստանում նոր դիվանագիտական հանձնարարություն: Եվ այժմ, երբ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին լրացել է, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենի վարչակազմին կոչ է անում, նոր դեսպան առաջադրելով, ամուր հիմքերի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները: Հանձնախումբը նաեւ հայտարարել է, որ սերտորեն կաշխատի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ երաշխավորելու համար, որ հաջորդ դեսպանն անհապաղ հաստատվի եւ իրապես արտացոլի ամերիկյան արժեքները: