կարևոր
1309 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-19 15:13

Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը

Զոհված զինծառայողների հարազատները՝ դատարանում են, մասնակցում են Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, այսօր դատական նիստը կայացավ, բայց կարճ տեւեց։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բողոքն, ըստ էության, դեռևս չի քննվել։ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն, ինչը դատավորը թույլ չտվեց ավարտել՝ հայտարարելով, որ ծանրաբեռնված է ու նիստը հետաձգեց, ինչն առաջացրեց զոհված զինծառայողների հարազատների դժգոհությունն ու նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց։

Նշենք, որ վերաքննիչ դատարանում ներկայացված բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի՝ դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։

Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։