Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնապես ներկայացնում են Հյուսիսատլանտյան դաշիքին անդամակցելու հայտերը: Դրանք ընդունող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահը պատմական է որակում:
Իսկ պահն օգտագործողը Թուրքիան է: ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերի հաստատման համար անհրաժեշտ է դաշինքի անդամ բոլոր 30 երկրների համաձայնությունը: Սակայն Թուրքիան այս պահին հրապարակային դեմ է արտահայտվում՝ պատճառաբանելով, թե Սկանդինավյան այդ երկու երկրներն աջակցում են ահաբեկիչներին:
Իրականում Էրդողանը հաշվարկել է քայլերը՝ փորձելով իրավիճակից հնարավորինս շատ օգուտ քաղել: Ամերիկյան «Բլումբերգ» պարբերականը, զրուցելով թուրք բարձրաստիճան 3 պաշտոնյայի հետ, բացահայտում է Թուրքիայի շարժառիթները: Ըստ այդմ՝ դիրքորոշումը փոխելու համար Անկարան ՆԱՏՕ-ին 5 պահանջ է ներկայացրել: Նախ Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան ահաբեկչական ճանաչեն «Քրդական աշխատավորական կուսակցությանը» եւ նրա հետ առնչվող խմբավորումներին, Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների հետ միասին չեղյալ հայտարարեն Թուրքիային զենքի մատակարարման արգելքը: Եվ գլխավոր պահանջները. Անկարան ուզում է, որ Միացյալ Նահանգները նորից ընդգրկի Թուրքիային F-35 կործանիչների արտադրման ծրագրում, որից հեռացվել էր ռուսական ԷՍ-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու հետեւանքով, թույլատրի F-16s կործանիչների նոր խմբաքանակի վաճառքն Անկարային եւ չեղարկի ԷՍ-400-ների գնմանը հետեւած ամերիկյան բոլոր պատժամիջոցները:
Ամեն դեպքում, Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակն ասել է, թե որեւէ կոնկրետ պահանջ Թուրքիայից չեն ստացել, իսկ Շվեդիայի եւ Ռուսաստանին սահմանակից Ֆինլանդիայի անդամակցության հարցը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կքննարկի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ սա Ստոկհոլմի եւ Հելսինկիի ինքնուրույն որոշումը չէ, ուղղորդողը Միացյալ Նահանգներն է:
Հինգշաբթի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ղեկավարներին Սպիտակ տանը կհյուրընկալի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը