կարևոր
1060 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-17 16:46

Երևան քաղաքում ժամը 08։00-ից երթևեկությունը կաթվածահար է․ ավելի քան 60 փողոց փակված է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրություն» շարժման անդամները եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ առավոտյան ժամը 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ փակելով Երեւանի մի շարք փողոցներ: Ակցիայի մասնակիցներին հաջողվել է պարալիզացնել մայրաքաղաքի ողջ երթեւեկությունը: 
Աժ պատգամավորները, ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով հանրությանը տեղեկացնում էին իրենց գտնվելու վայի մասին եւ կոչ անում միանալ իրենց տարածքին մոտ ընթացող բողոքի ակցիային: 
Ոստիկանությունը անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ փակված 50 եւ ավելի փողոցներում փորձելով վերականգնել երթեւեկությունը՝ բերման է ենթարկել մոտ 300 քաղաքացիների: Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը: Ձախ բազկոսկրի կոտրվածքով էլ Նաիրի Բժշկական կենտրոն է տեղափոխվել 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը: Ապօրինաբար բերման է ենթարկվել նաեւ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: 
Սարյան փողոցից բերման է ենթարկվել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ ոստիկաննրերը փորձել են իրենց բերման ենթարկել կոպիտ ձեւով: Ոստիականական բաժիններում էլ ակցիայի մասնակիցները շարունակել են իրենց վանկարկումները: 
Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել: Անյքան մեծ է եղել բերման ենթարկված ցուցարարների թիվը, որ բաժանմունքներում այլեւս տեղ չի եղել: «Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել: Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնել եւ ազատ են թողել բերման ենթարկված ցուցարարներին: Սա աննախադեպ երեւույթ է»,- այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում