կարևոր
1576 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-16 21:54

ՀԱՊԿ հոբելյանական նիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՊԿ-ի հոբելյանական հավաքին Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ մեկ տարի առաջ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժմանը կազմակերպությունը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երեւանը: 
44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի նախագահի դերն առանձնահատուկ որակելով՝ Փաշինյանը նշել է Հայաստանի համար եւս մեկ խնդիր՝ կազմակերպության անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառքը: 
Բողոքներ ուներ նաեւ Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այսօր ՀԱՊԿ-ը չի ցուցաբերում այն միասնականությունը, որն առկա էր Ղազախստանում հունվարին ծագած անկարգությունների ժամանակ: Լուկաշենկոն պնդել է, որ այն ժամանակ Արեւմուտքում ոչ ոք անգամ չէր համարձակվում մտածել Ղազախստանում տեղի ունեցողին միջամտելու մասին, քանի որ միասնական ՀԱՊԿ-ն ուժեղ էր: 
Ուկրաինայում պատերազմի ֆոնին՝ Բելառուսը, Ռուսաստանի հետ միասին, հայտնվել է Արեւմուտքի պատժամիջոցների թիրախում՝ Մոսկվային աջակցելու համար: Լուկաշենկոն դժգոհել է, որ սա տեղի է ունենում գործընկեր երկրների լուռ համաձայնությամբ եւ նախանձով նշել Եվրամիության միասնականությունը եւ ներքին կարգապահությունը, որը տարածվում է անգամ այն երկրների վրա, որոնք համաձայն չեն այս կամ այն որոշման հետ: 
Ռուսաստանի նախագահն էլ հայտարարել է, որ հիմա պետք է լուրջ ուշադրություն դարձնել կենսալաբորատորիաներին հակազդելու հարցին՝ պնդելով, որ Պենտագոնը տարածաշրջանում ստեղծել է տասնյակ մասնագիտացված լաբորատորիաներ ու կենտրոններ, որոնց հիմնական խնդիրը կենսաբանական նյութեր հավաքելն ու վարակների, վտանգավոր հիվանդությունների տարածման առանձնահատկություններն ուսումնասիրելն է: 
Պուտինն արձագանքել է նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ծրագրերին: Ռուսաստանի նախագահն ասել է, որ այդ երկրների հետ խնդիրներ չկան, նրանց մուտքը ՆԱՏՕ վտանգ չի ստեղծում, բայց պատասխան արձագանք կլինի՝ այդ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման դեպքում: Ամեն դեպքում, Շվեդիան արդեն հայտարարել է, որ անդամակցության հայտը անգամ եթե հաստատվի, դեմ է իր տարածքում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազայի տեղակայմանը: Իսկ ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված նիստից հետո, համատեղ հայտարարությամբ, կազմակերպության ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում լարվածության նվազեցման կարեւորությունը եւ հաստատել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցություն հաստատելու պատրաստակամությունը: Նիստից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարց չի քննարկվել: Զասն անդրադարձել է նաեւ Փաշինյանի դժգոհություններին՝ կապված ՀԱՊԿ-ի արագ արձագանքման մեխանիզմների հետ, նշել, որ հարցը նիստի փակ հատվածում եւս քննարկվել է, շտկումներ կարվեն: Ի դեպ, թեեւ ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ նիստի արդյունքների մասին լրագրողներին Զասի հետ կհայտնի նաեւ ՀԱՊԿ-ում այս պահին նախագահող Հայաստանի վարչապետը, հարցերին Զասը պատասխանել է միայնակ: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում