Ավտոերթի մասնակից, ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները հարվածելով ու հայհոյելով հանեցին ավտոմեքենայի միջից ու բերման ենթարկեցին հենց փողոցի կենտրոնից, ավտոերթի ընթացքում: Հրազդան մարզադաշտի մոտից նրան ու այլ խաղաղ ցուցարարների, ոստիկանները քաշքշելով հանեցին իրենց մեքենաներից:
Ոստիկանները հաշվի չառան անգամ ցուցարարի տարիքը, նրանք կոպիտ ուժ գործադրեցին ինչպես Գեորգի Արիստակեսյանի, այնպես էլ այլ տարեց ցուցարարների հանդեպ: Արտաշատ տանող մայրուղով <<Դիմադրություն>> շարժման ավտոերթը գլխավորող ԱԺ <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը բացատրեց ավտոերթերի ու անհնազանդությունների իմաստն ու անդրադարձավ ոստիկանության գործողություններին։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց, որ իշխանական մամուլը նախօրեին գրել էր, որ ավտոերթի մասնակիցների մեքենաները պետք է տարվեն տուգանային հրապարակ, Թադեւոս Ավետիսյանը դրանից եզրակացրել է, որ տրվել է հանձնարարություն, կիրառել նաեւ ոչ իրավաչափ ուժ, որի համար պատասխան պահանջելու են: Պատգամավորը վստահեցրեց, որ շարժմանը միացած քաղաքացիները նման գործողություններից չեն ընկճվում, անգամ հակառակ է ազդում:
Դեպի Ավան վարչական շրջան տանող ճանապարհին ավտոերթի մասնակիցներից մեկին պարեկային ոստիկանությունը վարչական տույժի ենթարկեց միայն այն բանի համար, որ եռագույն դրոշը փակել էր ավտոմեքենայի հետեւի պետհամարանիշը: <<Որ Ադրբեջանի դրոշը լիներ չէին տուգանի>>,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները։ Ոստիկանների գործողությունները պատճառ դարձան, որ ավտոերթը կանգ առնի տեւական ժամանակով: Այնուհետեւ ոստիկաններն իրավիճակ ստեղծեցին, որպեսզի սկսեն բերման ենթարկել։
<<Դիմադրության>> շարժման մայիսի 16-ի անհնազանդության ակցիաները սկսվել էին առավոտյան 8-ից՝ 5 ուղղություններով: Նախօրեին շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 8:00-ից սկսելու են տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը