կարևոր
979 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 16:18

Տարեց ազատամարտիկին ոստիկանները հեծանիվից են առևանգել ու խոշտանգելով բերման ենթարկել ավտոերթի ժամանակ

Տարիքիս մի նայեք՝ մինչև կյանքիս վերջը հայրենիքիս համար նվիրված եմ, առավել ևս այդքան երիտասարդ կորցնելուց հետո ես այսօր երիտասարդների կողքին պիտի կանգնեմ, որ քթներից արյուն չգա հանկարծ․ դա իմ սուրբ պարտքն է՝ 5tv-ի հետ հարցազրույցում ասում է դաշնակցական ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը։

Նա «Դիմադրություն» շարժան հենց սկզբից ամեն օր Ֆրանսիայի հրապարակում էր՝ չնայած տարիքին, ավտոմեքենաներին հավասար հեծանիվը վարում էր ավտոերթի ամբողջ ընթացքում, հանրահավաք-երթերի մասնակիցների հետ քայլում ու վանկարկում։

«Մի սուրբ պարտք էլ ունի՝ չի թողնում, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դրոշները թեկուզ մեկ վայրկյանով հայտնվեն գետնին»,-ասվում է ռեպորտաժում։

Հենց հեծանիվից էլ ոստիկաններն առևանգել են Արցախյան ազատամարտը ծայրից ծայր անցած  կապավոր մարտիկին ու, անգամ չամաչելով սպիտակ մազերից, գլխին ու փորին հարվածներ հասցնելով բերման ենթարկել։

70-ին մոտ տարիքով մարդուն ոստիկանների 10 հոգանոց խումբն, իհարկե, կարող էր և պարտավոր էր պարզապես նստեցնել ոստիկանական մեքենան, եթե դրա հիմքն ուներ, բայց ոստիկանները որոշում են անպայման խոշտանգել ու հարվածել մարդուն՝ թերևս նկատած լինելով նրա ազգային ու սկզբունքային կեցվածքը ամբողջ Շարժման ընթացքում։

Սա ևս մեկ աղաղակող ապացույց է, որ այս իշխանությանը խորթ է ամեն ազգայինն ու հայակենտրոնը, հետևաբար, ազգի թշնամին որքան շուտ հեռացվի պետության ղեկից, այնքան մեր՝ բոլորիս, անվտանգությունն ապահովված կլինի։

Այս ազատամարտիկը մեզանից յուրաքանչյուրի խիղճն է, հայի արյունը, որը պոռթկացել է ընդդեմ ներքին թշնամու, և եթե թույլ տանք անարգել այդ արժեքը, նշանակում է Նիկոլի վարչակազմը ոտքերը սրբել է բոլորիս վրա։

Աննա Բալյան

Ներկայացնում ենք 5tv-ի ռեպորտաժից՝ Գեորգի Արիստակեսյանի մասին հատվածը։

Ամբողջական ռեպորտաժը՝ այս հղումով։

Yerkir.am