կարևոր
574 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 13:27

Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան

Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«2022 թվականի պետական բյուջեն ընդունելիս գործող իշխանություններն իրենց բնորոշ պոռոտախոսությամբ հայտարարում էին, որ աննախադեպ բարձր նշաձող են սահմանել 2022 թվականի համար, մասնավորապես՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի ծախսային մասի 18,2 տոկոսանոց աճ, կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, հարկային եկամուտների 28 տոկոսանոց աճ և այլն։ Արդեն կարող ենք գնահատել 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք մեղմ ասած մտահոգիչ են և հեռու պլանային ցուցանիշներից։

Եվ այսպես՝

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել ապահովել։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր հավաքել 395,4 մլրդ դրամի հարկեր, սակայն փաստացի հավաքել է 400,6 մլրդ դրամի հարկեր, այսինքն՝ շուրջ 1,3 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքել(սա 7 տոկոսանոց գնաճի, Քաջարանի կոմբինատի 15 մլրդ-անոց ակտի, մետաղների բարձր գների պայմաններում)։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ արտաքին գործոններով պայմանավորված՝ 2022 թվականի համար միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները, նրանց միացել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ կանխատեսելով 1,5 տոկոս տնտեսական աճ և 6,5 տոկոսանոց գնաճ։ ՀՀ կառավարությունը, թերակատարելով 2022 թվականի բյուջեն, էլ ավելի Է վատթարացնելու տնտեսական ցուցանիշները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կդանդաղեցնի տնտեսական աճն ոչ միայն այս տարվա, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։ Պետական համակարգի անարդյունավետ կառավարումը լրացուցիչ՝ ներքին պատճառներ է ստեղծում Հայաստանի տնտեսության վերականգման և զարգացման համար։ Անշուշտ, այս իրավիճակում իր վերահսկողական գործառույթները պետք է պատշաճ իրականացնի նաև ՀՀ Ազգային ժողովը, որը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։ Հետաբար, մենք հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք»։