կարևոր
604 դիտում, 1 օր առաջ - 2022-05-14 20:38

Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի համար հիմնարար է արցախահայերի անվտանգության երաշխավորումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը: Սա խաղաղության պայմանագրի կնքմանն ընդառաջ ադրբեջանական կողմի առաջարկներին Հայաստանի պատասխաններից մեկն է: Թե Արցախի կարգավիճակ ասելով ինչ նկատի ունի պաշտոնական Երեւանը՝ պարզ չէ, միայն հստակ է, որ Ադրբեջան ուղարկված փաստաթղթում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա:

Հայաստանից Ադրբեջանին փոխանցված պատասխան կետերը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Ի տարբերություն մյուս կետերի, այդ թվում տեխնիկական բնույթի, Արցախի կարգավիճակին առնչվող կարեւորագույն դրույթին Մարուքյանն անդրադարձավ ընդամենը մի քանի վայրկյան:

Մինչ սա այդ կետերի բովանդակության մասին տեղեկանում էինք ադրբեջանական կողմից: Այդ երկրի արտգործնախարարը Հայաստանի պատասխանը, ոպես առաջարկ, չի դիտարկել, ավելին՝ Ադրբեջանը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել միայն սեփական առաջարկների հիման վրա:

Ի պատասխան միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու մասին Ադրբեջանի առաջարկին՝ հայկական կողմը պատասխանել է, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հղում է արել  1991 թվականի դեկտեմբերի 8-ին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» ստորագրված համաձայնագրին, թե դրանով Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ընդունել, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ:

Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ադրբեջանական 5 կետի, թե 5+6-ի հիման վրա, միեւնույն է, մասնագետները պնդում են, որ այն կործանարար կլինի Հայաստանի համար:

Բայց այս օրինակը չնչին է այն վտանգի դիմաց, որի մասին մասնագետները ահազանգում են. Արցախի կորստի:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: