կարևոր
1561 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-14 17:08

Ես խորհրդարան վերադառնալու եմ․ Իշխան Սաղաթելյան

Ես խորհրդարան վերադառնալու եմ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդի կողմից ունի մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու. այս պահին այդ օրակարգը փողոցում է՝ իրենք էլ փողոցում են, եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ իրենք կլինեն խորհրդարանում: Այս մասին Իշխան Սաղաթելյանն ասաց Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ խորհրդարան վերադառնալո՞ւ են, թե խորհրդարանական աշխատանքը կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:

«Խորհրդարան վերադառնալու եմ: Ես այս պահին իմ մասին եմ ասում, քանի որ դաշինքում ամբողջական որոշում չունենք: Առհասարակ, մեր տրամադրությունը հետևյալն է, որ խորհրդարան վերադառնալու ենք  բացառապես մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին քննարկումներին՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենք ժողովրդի կողմից ունեն մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար:

«Այսօր այդ օրակարգը փողոցում է՝ մենք փողոցում ենք: Եթե այդ օրակարգը կլինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում: Այսինքն՝ մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը: Գնում ենք այդ ճանապարհով: Այդ պահանջը որտեղ կլինի, մենք այդտեղ ենք: Մենք խորհրդարանում մի քանի ամիս օրենսդրական նախաձեռնություններով, արտահերթ նիստերով ամբողջ գործիքակազմով սպասարկել ենք մեր ժողովրդի պահանջը և օրակարգը, հետո այդ օրակարգը թելադրել է դուրս գալ փողոց, այսօր փողոցում ենք: Անհրաժեշտություն կլինի, կտեսնենք այդ օրակարգն այս պահին ինչ-որ հատուկ նիստով խորհրդարանում է՝ կլինենք խորհրդարանում»,-եզրափակեց ընդդիմադիր գործիչը: