կարևոր
508 դիտում, 4 օր առաջ - 2022-05-14 12:25

Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին․ Մամիկոն Ասլանյան

Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին․ Մամիկոն Ասլանյան

Անազատության մեջ պահվող Մամիկոն Ասլանյանը, որի ղեկավարած ուժն անցած տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ համամսնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ էր ստացել, ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Սահմանադրության, օրենքների, բարոյականության նկատմամբ իշխանությունների սանձազերծած լկտի ասպատակությունները, որոնք զուգորդված են աննկարագրելի ու փնթի ցինիզմով և մեր բնակչության նկատմամբ բացառիկ անհարգալից վերաբերմունքով, գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ այդ գործընթացի բարձր  իշխանական պատասխանատուները պատրաստ են մեր համայնքը դարձնել ավերակ, մեր բնակիչներին դարձնել ստրկամիտ ու ձայնազուրկ։

Ամենասանձարձակ օրինախախտումներով հիմա էլ ՏԻՄ-֊ի տրամաբանությունը խեղաթյուրելով՝  քաղաքապետի ժ/պ-֊ի  հատուկ հանձնարարություններով  պաշտոն են ներմուծել (Աժ֊-ում Վանաձորի մասով հատուկ հանձնաժողով կա, որն օրումեջ կարկատաններով նոր «օրենքներ» է մուտացնում)։ Ես` այս պահին որպես ավագանու անդամ, որպես մի ուժի ղեկավար, որ ՏԻՄ ընտրություններում հավաքել է առավելագույն քվեներ, հայտարարում եմ, որ իմ գլխավորած դաշինքը մինչև օրինական պրոցեսների, սահմանադրականության վերականգնումը չի մասնակցելու որևէ ապօրինության ու չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին։  

Ուշ, թե շուտ այս «շապիտո֊ կրկես»-ի բոլոր դերակատարները պատասխան են տալու իրենց օրինապիղծ արարքների համար։ Ես երբեք մեզ տրված քվեն գետնին ընկած չեմ թողնելու, տեր եմ կանգնելու յուրաքանչյուր քվեին և ցանկացած միջոցով պայքարելու եմ մեր իրավունքների համար։

Թույլատրելիության սահմանները անցնողները պիտի հասկանան, որ բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել (դա ՏԻՄ օրենք չէ, որ ցեխոտ կրունկներով վրայով քայլեն. Աժ-֊ն այդտեղ անզոր է)։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Վանաձո՛ր ջան, պի՛նդ մնա, չընկճվես»։