կարևոր
346 դիտում, 1 օր առաջ - 2022-05-14 10:06

Հատվածական դիվանագիտությունը հավասար է դիվանագիտության չգոյության. «Փաստ»

Հատվածական դիվանագիտությունը հավասար է դիվանագիտության չգոյության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը արձանագրված է միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախյան հակամարտությունը մնում է չլուծված, քանի որ հրադադարը հիմնախնդրի վերջնական կարգավորում չի ենթադրում։ Ուստի, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց միջազգային լծակներն օգտագործելով, շանտաժի միջոցով և հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, փորձում են հասնել իրենց համար նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ այս պայմաններում հայկական կողմին այլ ելք չի մնում, քան ակտիվ աշխատել միջազգային հանրության համապատասխան շրջանակների հետ՝ թուրք-ադրբեջանական ախորժակը զսպելու նպատակով։

Մեզ համար առաջնային խնդիր է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցությունների վերամեկնարկի հարցը, ինչը մինչ այժմ տեղի չի ունենում։ Եվ, ընդհանրապես, այս համատեքստում հայկական կողմից շատ նուրբ դիվանագիտական մոտեցումների կիրառում է պետք, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացումը չարտածվի նաև Արցախյան հիմնահարցի վրա։ Առավել ևս, որ Ադրբեջանը փորձում է օգտվել այս հակասություններից ՝ հակամարտության միակողմանի լուծում պարտադրելու նպատակով։ Միաժամանակ, անհրաժեշտ է աշխարհի տարբեր դերակատարներին ներկայացնել Ադրբեջանի հանցագործ դեմքը՝ մասնավորապես Արցախը հայաթափելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու մտադրությունները։

Սակայն ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հոխորտում է Հայաստանի ու Արցախի հասցեին, պատմական փաստերը խեղաթյուրող և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և ատելություն սերմանող հայտարարություններ է կատարում, սակայն նրա հայտարարությունները ՀՀ իշխանությունների կողմից, որպես կանոն, մնում են անպատասխան։ Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ Փաշինյանը վերջապես իր մեջ ուժ գտավ խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետևողական քաղաքականության մասին։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի իշխանությունների տևական լռության ֆոնին այս հարցերի բարձրացումը, ըստ էության, միայն փոքրիկ մխիթարանքի տպավորություն է թողնում։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ միջազգային հանրությանը հղված ուղերձները պետք է լինեն հստակ, որ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության պայմաններում անհնարին է դառնում Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանը օրեր առաջ հայտարարում էր, թե այլ տարբերակ չի տեսնում, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։

Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, գործի դնելով իրենց ահռելի հնարավորությունները և կապերը, յուրաքանչյուր դիվանագիտական հարթակ օգտագործում են հակահայկական արշավ ձեռնարկելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իրենց պայմանները պարտադրելու նպատակով։ Եվ եթե հայկական կողմը հակադարձող քայլեր չձեռնարկի, ապա միջազգային հարթակում Հայաստանի դիրքերը շարունակաբար թուլանալու են։ Ուստի, անհրաժեշտ է լարել ուժերը և ամենօրյա ռեժիմով, ամեն հարմար առիթի միջազգային հանրության առջև բարձրացնել, միջազգային դերակատարներին հիշեցնել Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների և արցախահայության գլխավերևում թևածող ցեղասպանության վտանգի մասին։ Եվ դա պետք է անել ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Հատվածական դիվանագիտություն չի լինում, հատվածական դիվանագիտությունը հավասարազոր է դիվանագիտության չգոյության: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, ԱԳՆ-ն՝ իր դիվանագիտական համակարգով հանդերձ, խորհրդարանը և մյուս պետական հաստատությունները, որոնք արտաքին շփումների մեջ են ներգրավված, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, հասնեն տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունների ընդունմանը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել սփյուռքահայ համայնքների հետ, նրանց միջոցով կոորդինացնել գործողությունները։ Այլապես ստացվում է, որ ընդդիմությունն ու առանձին անհատներն իրենց ունեցած համեստ հնարավորություններով ավելի շատ աշխատանք են կատարում, քան գործող իշխանությունները։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում