Ռուսաստանի հետ 1340 կիլոմետրանոց սահման ունեցող Ֆինլանդիայի առաջնորդները վերջնականապես որոշել են՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անհապաղ միանալ է պետք: Այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ վարչապետ Սաննա Մարինը այդ որոշման մասին համատեղ հայտարարություն են տարածել: Սպասվում է, որ ֆիննական կառավարությունն անդամակցության համար կդիմի ՆԱՏՕ-ին հաջորդ շաբաթ, երբ ստանա խորհրդարանի համաձայնությունը:
Մինչ Ֆինլանդիան, իր աչքի առաջ ունենալով Ուկրաինայի օրինակը, կհայտարարեր այս որոշման մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահեցրել է՝ Ֆինլանդիային ջերմորեն կընդունեն, անդամակցության գործընթացն էլ կլինի «հարթ եւ արագ»:
Ռուսաստանից նախ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն է արձագանքել: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը չի նպաստի Եվրասիայի անվտանգության ամրապնդմանն, իսկ Ֆինլանդիայի միացումը կդիտվի Ռուսաստանի համար սպառնալիք: Առանձին հաղորդագրություն է տարածել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Իսկ մինչ այդ, սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը համալրելու մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի նաեւ Շվեդիան:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում