կարևոր
1291 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-12 15:16

Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել

Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել

Մայիսի 11-14 –ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն դոկտ. Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո, կազմակերպել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

«Գիտաժողովի շրջանակներում մայիսի 11–ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էր Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով ներկայացրեց Արցախի հայկական ժառանգության պատմությունը և Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում մնացած հայկական պատմական, հոգևոր–մշակությաին հուշարձանների կարգավիճակը։

Զեկույցներով ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Մայիսի 13-14–ը Վիեննայի թանգարանում (Weltmuseum Wien) կմեկնարկի Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը»։