կարևոր
355 դիտում, 4 օր առաջ - 2022-05-12 10:20

Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ. «Ժողովուրդ»

Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ: Դեռ կան վայրեր, որտեղ ուկրաինահայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից.

«Կիեւ քաղաքում համեմատաբար հանգիստ է, չհաշված որ շաբաթական մեկ-երկու անգամ հրթիռակոծվում է քաղաքը: Ծանր իրավիճակ է սոցիալական առումով. վառելիքի դեֆիցիտ է քաղաքում, դրա պատճառով շատ առեւտրի կետեր փակ են», – նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր պետությունում պատերազմը շարունակվում է: Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ խնդիր ունի Մարիուպոլում, եւ այնտեղ, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում են ամենաթեժ մարտերը: «Մի տեղ ստացվում է ռուսական կողմից առաջընթաց, մի կողմից՝ ոչ: Խարկովում հրթիռակոծությունը շարունակվում է, նրանք արդեն հեռվից են ռմբակոծում: Այդպես է իրավիճակը եւ ընդհանուր առմամբ ծանր», – հավելեց նա:

Մկրտչյանի խոսքով՝ իրենք հենց առաջին օրվանից զբաղվել են հումանիտար հարցերով եւ հիմա էլ դրանով են զբաղված. օգնությունը չի ուշանում:

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին էր հայտարարել Դոնեցկում եւ Լուգանսկում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: