Գերասիմ Վարդանյանի կալանքի որոշումը կայացնելու համար դատարանը չհեռացավ խորհրդակացան սենյակ, այլ նիստը հետաձգեց՝ նոր ներկայացված փաստերն ամբողջ ծավալով ուսումնասիրելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նա նշեց, որ ինքը էլեկտրոնային եղանակով մի շարք փաստաթղթեր ներկայացրեց նիստի ընթացքում, որոնք հաստատում էին, որ այս ընթացքում Գերասիմ Վարդանյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ։
«Խնդիրն այն է, որ քննիչը տեխնիկական հնարք էր կիրառել մայիսի 4-6-ը ներառյալ՝ ներկայանում էինք քննիչի մոտ, ճանապարհում էր, մի քանի ժամ հետո ծանուցագիր էր ուղարկում՝ նորից ներկայանալու․ այդպես մի 3 օր մեզ հետ շախմատ էր խաղում։ Մենք էլ լրատվամիջոցներով, էլեկտրոնային հաղորդագրություններով ցույց էինք տալիս, որ գնում էինք՝ չէր ընդունում, և ամսի 6-ից հետո հասկացավ, որ մեզ հետ այդպես չի ստացվում ու դադարեցրեց։ Հենց այդ փաստերը ցույց տվեցինք դատարանին։ Քննիչը շատ անկեղծ դուրս եկավ՝ իմ նշած բոլոր հանգամանքերը հաստատեց, և դատարանը չհեռացավ խորհրդակցական սենյակ, ասաց՝ պետք է նյութերը ևս մեկ անգամ ուսումնասիրեմ ամբողջ ծավալով, նոր որոշում կայացնեմ»,-մանրամասնել է Բենիկ Գալստյանը։
Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բենիկ Գալստյանը բացարկ էր հայտնել Գերասիմ Վարդանյանի քրեական գործով քննչական խմբի ղեկավարին, որից հետո որոշում է կայացվել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 մլն դրամ, ինչը, սակայն, Վարդանյանը չի կարողացել վճարել և այժմ դատարանը քննում է նույն գործով արդեն չորրորդ կալանքի միջնորդությունը, և դա անում է Փաշինյանի երթի թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը։
Հիշեցնենք որ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։
Մանրամասն՝ տեսանյութում․