կարևոր
781 դիտում, 3 ամիս առաջ - 2022-05-11 15:16

Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր անցկացվեցին

Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր անցկացվեցին

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով իրազեկման անհնազանդության ավտոերթ է իրականացրել:

Քաղաքի տարբեր ուղղություններով իրազեկման ավտոերթ է լինելու, ներկայացնելու ենք մեր պահանջները և իրազեկելու ենք այսօվա հանրահավաքի մասին․ ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մեզ միացողներ կան, շատերը մեքենաներով ազդանշաններ են տալիս, կան քաղաքացիներ, ովքեր զբաղվածության պատճառով չեն կարողանում միանալ, բայց ինչ-որ կերպ աջակցություն են հայտնում մեզ»,- ասաց նա։

Անդրադառնալով մարզային այցելություններին Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք ունի. եթե հիտլերյան Գերմանյանի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ ՀՅԴ անդամն ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:

Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանում տարբեր ուղղություններվ ավտոերթ է տեղի ունենալու, իսկ ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է մեկնարկելու:

Դատարկվել է Փաշինյանի զինանոցը, դիմադրության հենարան չունի, ստիպված է դիմում զազրելի միջոցների․ ավտոերթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, Հայաստան դաշիքից պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա վստահ է, որ քիչ է մնացել. «Գնալու ենք մինչև վերջ և ունենալու ենք հայի Հայրենիք, մեզ կաշկանդող ընկճող որևէ հանգամանք չկա, միասնականությունը կօգնի մեզ ավելի արագ հասնել իշխանությանն հեռացնելուն»:

Նշենք, որ Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով ավտոերթն ընթացել հայրենասիրական երգերի ուղեկցությամբ, շատ քաղաքացիներ ողջունել եւ միացել են ավտոերթին, «Նիկոլ դավաճան» վանկարկումներով ավտոերթի մասնակիցները «փակել են» Աբովյան պուրակը։