կարևոր
1615 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-10 22:11

Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհնազանդության երթերից մեկը մեկնարկեց Մալաթիա-Սեբաստիայից՝ Անդրանիկ Օզանյանի արձանի մոտից: Նախքան երթի մեկնարկը՝ ընդդիմադիր պատգամավորները հորդորեցին ցուցարարներին՝ ճանապարհին չտրվել սադրանքների: 
Նման հորդորի անհրաժեշտությունը կար. շատ չանցած՝ Մալաթիայի շուկայի մոտ, մի խումբ աշխատակիցներ դրսում սպասում էին երթի մասնակիցներին, որ վանկարկեին, թե չեն աջակցում նրանց: Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց կանխել նրանց ու ցուցարարների միջեւ վիճաբանությունը: 
Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը ահազանգեց, որ թուրքական դրոշով մի մեքենա երթեւեկել է ցուցարարների ուղղությամբ: 
Դիմադրության շարժման անդամները պատուհաններից ու մեքենաներից իրենց ողջունող քաղաքացիներին հրավիրում էին Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու երեկոյան հանրահավաքին: 
Ճանապարհին երթի մասնակիցները փակում էին խաչմերուկները, որոշ ժամանակ անց՝ բացում: Բայց երբ տեղեկացան, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել մեկ այլ ուղղությամբ քայլող ցուցարարների նկատմամբ, նրանց աջակցելու համար այս երթի մասնակիցները որոշեցին շղթա կազմելով փակել փողոցը՝ ոստիկաններից պահանջելով հանգիստ թողնել իրենց ընկերներին: Փողոցը փակողների առաջին շարքում ընդդիմադիր պատգամավորներն էին: 
Նույն պահին այս երթը ուղեկցող ոստիկանական ուժերը համալրվեցին: Մի քանի րոպեից նրանք սկսեցին բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկել քաղաքացիներին: 
Ավելի ուշ շարժման անդամները երթով հասան ոստիկանության այն բաժնի մոտ, որտեղ բերման ենթարկված ցուցարարներն էին: Պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանց երգով ողջունեց 
Կարճ ժամանակ անց փակվեց նաեւ Գարեգին Նժդեհ-Արշակունյաց խաչմերուկը. շարժման անդամները շուրջպար էին բռնել: 
Մինչ Ֆրանսիայի հրապարակ հասնելը քայլերթի մասնակիցները Արցախի դրոշը տեղադրեցին Մանկավարժական համալսարանում: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում