կարևոր
997 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-10 20:18

Բաքուն ցանկանում է տիրանալ Տիգրանաշենին և Տավուշի մարզի 7 գյուղի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի ախորժակը չի փակվում: Զավթիչ երկրի փոխարտգործնախարարը բարձրաձայնել է Բաքվի ակնկալիքները՝ սահմանազատման գործընթացով տիրանալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին եւ Տավուշի 7 գյուղերի: Խալաֆ Խալաֆովն իր խոսքում օգտագործել է շրջանների ադրբեջանական անուններն ու պնդել, թե Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն: 
5 օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, թե անկլավների հարց առայժմ չի քննարկվել՝ անհիմն որակելով Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանին հանձնելու ընդդիմության մտավախությունները: 
Արձագանքել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Արման Թաթոյանն անընդունելի է որակել Ադրբեջանի փոխարտգործնախարարի տարածքային պահանջները՝ ընդգծելով, որ առհասարակ «անկլավ» ձեւակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից: 
Հայտարարություններով է հանդես եկել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն եւ Երեւանը համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը: Ադրբեջանցի նախարարը պատմել է, որ այս հարցով 2 հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ՝ առաջարկով, որ այդ հանձնաժողովը ղեկավարվի ավելի բարձր մակարդակով եւ Ադրբեջանի համար ընդունելի է փոխվարչապետի տարբերակը: Ըստ Բայրամովի՝ առաջին զրույցի ժամանակ Արարարատ Միրզոյանը ժամանակ է խնդրել, բայց ավելի ուշ հայտնել, որ հայկական կողմը համաձայն է: 
Ադրբեջանի գլխավոր դիվանագետը անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի կնքման համար Բաքվի 5 կետանոց առաջարկին Երեւանի 6 կետանոց պատասխանին, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը դժվար է առաջարկ անվանել: 
Սա, փաստացի, Ադրբեջանը մերժում է՝ պնդելով, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի Բաքվի ներկայացրած 5 կետերի հիման վրա, որոնք ենթադրում են հրաժարում Արցախից: Եվ Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետեւում է Հայաստանում բողոքի ակցիաներին՝ դժգոհելով, որ ցույցերի ժամանակ ընդդիմությունը բարձրացնում է Արցախի հարցը: 
Բայրամովը պնդել է, թե բողոքի ակցիաները հանրային մեծ աջակցություն չեն ստացել, անգամ նշել է փողոց դուրս եկած մարդկանց թիվ՝ 6-ից 7 հազար: 
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ իրենց համար ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի գործող իշխանությունը չի հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից եւ այն շարունակվում է: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում