կարևոր
1399 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-09 22:41

Այստեղ կուսակցական պայքար չկա, այստեղ համաժողովրդական ընդվզում է․ Իշխան Սաղաթելյան

Այստեղ կուսակցական պայքար չկա, այստեղ համաժողովրդական ընդվզում է․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում մայիսի 9-ին «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքի մեկնարկին․

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս

Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։

Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։

Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է, այո՛։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգություն-համերաշխություն-կայունություն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է:

Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն, որը՝

● Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն հիմված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա:

● Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ: Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը:

● Կբացառի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը:

● Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում:

● Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

● Առաջնահերթ կարեւորություն կտա պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին։

● Կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։

● Կվարի պրոֆեսիոնալիզմի եւ հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Պետության կառավարումից իսպառ բացառվելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ և թաքնված ցանկացած դրսևորում։ Խրախուսվելու է աշխատասիրությունը, պետական և ազգային մտածելակերպը, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը: Կձևավորվի գործունակ և արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք: Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով քաղաքացուն: Քաղաքում և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից:

Սիրելի՛ հայրենակիցներ

● Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղմանը՝ վերացնելով խորացող ատելությունը, պառակտվածությունը և անտարբերությունը: Կբացառվեն մեր կյանքում անցյալի եւ ներկայի արատավոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ այս օրերին հաճախ տրվող․ շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և ․․․․․․․օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։

● Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։

Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

● Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը:

● Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման ու թուրքին մեր երկրից քշելու։ Նրանք գրեթե բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասերներ են, Պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում։

● Բացառել կարեւորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ միաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Ընդունվելու է նոր օրենք անվտանգության խորհրդի և կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ։

● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։

Ժամանակավոր կառավարությունը

1․Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է։

2․Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ կարգավիճակից։

● Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։

● Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս հասնել դրան։

Ազգակործան վարչախմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում եւ գործող իշխանությունների հեռացում։ Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսեւորումներն են՝

1․ձեւավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։

2. թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի,

3. հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը,

4. իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը,

5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։

Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են՝

Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․

Ըստ այդմ՝ մեր առաջիկա խնդիրներն են՝

1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։

2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի ցասումի առջև։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։

Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաւջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը։

Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգևոր-մշակութային-կրթական, բիզնեսի, Այ Թի, ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։

Այստեղ կուսակցական պայքար չկա, արտոնյալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն յուրաքանչուրիս արժանապատվության, հանուն ազգային ինքնության, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետության, հանուն Արցախի, Հայաստանի։

Վստահե՛ք, մասնակցե՛ք, մենք հաղթելու ենք։