կարևոր
433 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-09 20:51

Մեծ հաղթանակից 77 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձին Ռուսաստանի նախագահը ոչ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Ուկրաինային, ոչ էլ ազդարարեց այդ երկրում ռուսական բանակի հաղթանակը՝ հակառակ արեւմտյան լրատվամիջոցներում շրջանառվող վարկածների: Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված հաղթանակի ավանդական զորահանդեսի ժամանակ՝ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի ու աշխարհաքաղաքական ներկա իրավիճակի միջեւ՝ նշելով, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար ու անբաժանելի անվտանգային համակարգի ստեղծման օգտին եւ դրա համար անցյալ տարի դեկտեմբերին Արեւմուտքին առաջարկել էր անվտանգության երաշխիքների համաձայնագիր կնքել: Սակայն, ըստ Պուտինի, ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել Մոսկվային, քանի որ այլ ծրագրեր ունեին: Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ նրանք նախապատրաստվում էին ներխուժել ռուսական պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ, եւ ամեն ինչ ցույց էր տալիս, որ բախումն անխուսափելի է լինելու: 
2. Հայրենասիրական ելույթ է ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին եւ ոչ մի տարածք չի զիջի: «Շատ շուտով Ուկրաինան ունենալու է հաղթանակի 2 օր, իսկ Ռուսաստանը մնալու է ձեռնունայն»,- պնդել է Զելենսկին: 
3. Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեեւի վրա կարմիր օշարակ են լցրել, երբ նա կնոջ հետ ցանկանում էր ծաղիկներ խոնարհել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը: Ուկրաինայի դրոշներով անձինք ռուսներին նաեւ ֆաշիստ են անվանել: Դեսպանն, առանց ծաղիկ խորնարհելու, ստիպված է եղել հեռանալ: Ռուսաստանը խստորեն դատապարտել է միջադեպը: Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արեւմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին, բայց ռուսներին դրանով չեն վախեցնի: «Եվրոպայի բնակիչները պետք է վախենան հայելում իրենց արտացոլանքից»,- նշել է Զախարովան: Լեհաստանի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ: 
4. Ռուսական բանակի հսկողության տակ անցած Մարիուպոլ քաղաքում պարզել են Հաղթանակի օրվա խորհրդանիշ «Գեորգիեւյան ժապավենը», որի երկարությունը 300 մետր է եղել:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը