Մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ․Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Դաշնակցական Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի ղեկավարությամբ վաշտն առաջինն է մտնում բերդաքաղաք։ Պատմում են, մայիսի 8-ի առավոտյան Բեկորը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ եւ հաղորդում, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին:
30 տարի առաջ՝ մայիսի 8-ի երեկոյան սկիզբ առած եւ մայիսի 9-ին ավարտված ռազմավարական հատուկ գործողությամբ ազատագրվեց գերության մեջ գտնվող հայոց բերդաքաղաք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Քանի որ Շուշին տեղակայված է բարձունքի վրա, հենց այդտեղից էին ադրբեջանցիները հրետակոծում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: 1992-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան: Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի:
Այս տարի ամեն ինչ մի փոքր այլ է: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրով, Փաշինյանի ստորագրմամբ Շուշին, սակայն հանձնվեց Ադրբեջանին: Ցավալի իրականություն, որի հետ մինչ օրս համակերպվելն անհնար է, իսկ խոսելն այդ մասին ցավալի :Քաղաքացիների խոսքով գլխիկոր են մոտենում գերությունից բերդաքաղաք Շուշին ազատագրած, եւ այդ ճանապարհին հերոսաբար ընկած հայորդիների շիրիմներին: Նրանց ազատագրած Շուշին կրկին գերեվարված է:
Հայոց մարտիկները խաչն ու սուրը միավորելով կերտեցին հերոսական հաղթանակը: Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկն է, որն արձանագրում է՝ միասնական լինելու դեպքում անհնարինը կարող է իրական դառնալ:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը