կարևոր
451 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-09 15:42

Սփյուռքը լավագույն գրավականն է հզոր հայրենիքի․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սփյուռքը լավագույն գրավականն է հզոր հայրենիքի․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Այսօր՝ մայիսի 9-ին ՀՅԴ Բյուրոյի անդամները այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

«Փառք ու պատիվ զոհված տղաներին։ Այս Եռատոնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականությունը, որ ունի հայ ժողովուրդը աշխարհով մեկ՝ պաշտպանել իր իրավունքը։ Եւ այսօր այդ իրավունքի առաջին գծի վրա է Արցախը։ Դժվար է ասել երբ եւ ինչպես, բայց մեկ բանում վստահեցնեմ ձեզ, որ այս օրը մեր վճռականության վերկանգնման օրն է, եւ մենք որպես Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատրաստ ենք աշխարհով մեկ աշխատել, որպեսզի Արցախը գտնի իր նախկին աշխուժությունը, Արցախը մնա հայկական եւ երբեք չլինի Ադրբեջանի կազմում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Այդ ուղղությամբ մենք պատրաստ ենք Հայ Դատի աշխատանք տանելու աշխարհով մեկ, նշեց նա, պատրաստ ենք մասնակցելու ազատագրական պայքարին և պատրաստ ենք ամեն գնով օժանդակելու, որ Արցախի ժողովուրդը մենակ չզգա իրեն և զգա ամբողջ հայության նեցուկը։

«Այդ ամբողջը պահի հարց է․ հիմնականն այն է, որ դու պետք է լինես միշտ պատրաստ ամեն զոհողության Արցախի սահմանները վերականգնելու համար և հայաթափման դեմն առնելու համար, որովհետև մենք հավատում ենք, որ իսկապես Արցախը մեզ համար աննահանջելի կետ է և որևէ մեկ ձևով չենք կարող հաշտվել այս իրողության հետ․ սա պարզապես ճակատամարտի կորուստ է, պատերազմը կշարունակենք»,-հայտարարեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իր հայկական էությունից պարտված իշխանությունը չի կարող բանակցել հայկական շահերի համար, ստահեցրեց նա, սա ակներև է, սա հստակ երևում է այսօր և դրա համար է, որ այս իշխանությունը պետք է հեռանա։

«Հետևաբար, մեր փափագն է, որ այսպիսի ծանր պարտություն կրած իշխանությունն ինքն ադրադառնա իր մեղքի բաժնին և անցնցում հեռանա բեմից, որպեսզի մեկ անգամ ևս խնայվի Հայաստանի և Արցախի նորանոր ներքին խլրտումները, բայց, դժբախտաբար, այդպես չէ ներքին կացությունը։ Շատ սխալ և անարդար կներկայացվի, թե այս իշխանությունը ստացել է մանդատ բանակցությունները այս ձևով վարելու, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է՝ այս իշխանությունը ոչ մի մանդատ չի ստացել հավելյալ և միակողմանի զիջումների տանելու մեր հայրենիքը թե՛ Հայաստան աշխարհում, և թե՛ Արցախ աշխարհում»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իսկ վտանգավոր երևույթները, որ ի հայտ են եկել մանավանդ այս վերջին շրջանում, նշեց նա, վարչապետի բերանից հնչած այն հայտարարություններն են, որ Հայաստանը խուսափում է իր ունեցած պատասխանատվությունից Արցախի նկատմամբ, մանավանդ անվտանգության ոլորտում, նույնիսկ հանդգնելով, հայ-թուրքական հարաբերությունների ծիրում, Ցեղապանության հետապնդման պատասխանատվությունը դնել միայն Սփյուռքի վրա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Տեր-Խաչատուրյանը ասաց, որ իրենք ևս կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, բայց դա չի նշանակում, որ իրենք կողմնակից են հայ-թուրքական հաշտեցման:

«Հաշտեցման գործընթացը կենթադրի թուրքական նախապայմանների ընդունում: Թուրքիան միշտ խանգարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայկական կողմը նախկինում գնացել է բանակցությունների առանց նախապայմանների»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Ըստ Խաչատուրյանի՝ իշխանությունը ունի միտում պառակտելու Սփյուռքը: Ըստ նրա՝ իշխանությունները ամեն ինչ անում են՝ Սփյուռքը պառակտելու համար, բայց այս իշխանությունների առաջացրած խոչընդոտները որևէ հաջողություն չեն ունենա: Հաջորդ քայլը, ըստ Տեր-Խաչատուրյանի, պայքարն է հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացման հստակ ձեռնարկների կանխարգելումն է: